ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ – դրական դիրքորոշում կանխատեսվող ապագայի նկատմամբ։ Դառնալով բնավորության գիծ, լ. ակտիվացնում է մարդուն, մղում նոր նպատակադրումների, դարձնում կենսասեր, բարձրացնում է նրա հավակնությունների մակարդակը:
ԼԱՏԵՆՏ – հոգեբանության բնագավառում օգտագործվում է հոգեկան այն պրոցեսները բնորոշելու համար, որոնք ընթանում են աննկատ կերպով ենթագիտակցորեն և որոնց արդյունքներն են միայն, որ թաքուն պրոցեսի ավարտից հետո հայտնվում են գիտակցության մեջ կամ վարքում: Օրինակ` լ. ընկալում, հակազդման ձևավորման լ. շրջան: Առարկայի ճանաչման լ. շրջանը ընկած է ընկալման սկզբից մինչև առարկայի ճանաչման փաստի գիտակցումը:Այդ ժամանակահատվածը սովորաբար շատ կարճ է լինում։
ԼԻԲԻԴՈ – հոգեվերլուծական (ֆրեյդիստական) ուսմունքի հիմնական հասկացություններից մեկն է, որով նշանակվում է մարդու սեռական անգիտակցական հակումը։ Լ. ֆրեյդիստների կարծիքով, հանգեցնում է ոչ միայն սեքսուալ գործողությունների, սուբլիմացիայի ենթարկվելով, ուժեղացնում է անձի ստեղծագործական ակտիվությունը: Լ. տրված է օնտոգենեզի հենց սկզբից և նրա ընթացքում ձևափոխությունների է ենթարկվում, փոխում է իր ուղղվածությունը, իսկ վերջինով էլ, ըստ հոգեվերլուծության ներկայացուցիչների, կարելի է որոշել անձի զարգացման փուլը։ Լ. մասին հոգեվերլուծական կոնցեպցիան էական տարբերություն չի դնում երեխայի և մեծահասակի ակտիվության դրդապատճառների միջև:
ԼԻԴԵՐ – առաջնորդ, այն անձը, որը համապատասխան իրադրություններում առաջ է մղվում խմբի անդամների կողմից կամ նշանակվում է վերևից՝ համատեղ գործունեությունը կազմակերպելու և խմբային նպատակներին հասնելու համար։ Խմբի որևէ անդամի լ. դառնալը պայմանավորված է ինչպես օբյեկտիվ հանգամանքներով (ներխմբային իրադրությամբ, գործունեության բնույթով և այլն), այնպես էլ նրանում որոշ հոգեբանական և անգամ ֆիզիկական առանձնահատկությունների առկայությամբ։ Տարբերում են պաշտոնական (նշանակված կամ օրենքի համաձայն ընդունված) և ոչ պաշտոնական լ.։ Խումբը ամենից ավելի արդյունավետ կերպով կառավարվում է այն դեպքում, երբ նույն անձն իր մեջ կենտրոնացնում է և՛ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական լ. հատուկ լավագույն ընդունակություններն ու բնավորության գծերը։
ԼԻԴԵՐՈՒԹՅՈՒՆ – միջանձնային (ներխմբային) փոխհարաբերություններում դիտվող երևույթ` որոշ անձանց առավել ազդեցիկ` լիդեր դառնալը, որը նրանց թույլ է տալիս կառավարել խմբի մյուս անդամների վարքը։ Լիդերի առաջ մղումը անհրաժեշտ և հաճախ ինքնաբերական պրոցես է և իրենից ներկայացնում է կենդանի համակարգերին հատուկ ավելի ընդհանուր առանձնահատկության` ինքնակազմակերպման դրսևորումներից մեկը։
ԼՈԳՈՊԵԴԻԱ – մանկավարժության այն բնագավառը, որն ուսումնասիրում է նորմալ լսողության առկայության դեպքում խոսքի անկանոնությունները (թլվատությունը, կակազությունը և այլն) և մեթոդներ է ստեղծում վերացման համար։
ԼՈՒՍՆՈՏՈՒԹՅՈՒՆ – քնաշրջություն, սոմնամբուլիզմ. ենթագիտակցական հատուկ վիճակ, որն արտահայտվում է քնած ժամանակ քայլելու, սողալու, անմիտ կամ արտաքնապես իմաստալից գործողությունների կատարմամբ։ Լ. վիճակում մարդիկ դրսևորում են անսովոր ճարպկություն և ուժ, իսկ կատարված գործողությունների մասին արթնանալուց հետո չեն հիշում։ Լ. հաճախակի դիտվում է նևրոտիկների և հոգեկան հիվանդների, ինչպես նաև դյուրագրգիռ երեխաների մոտ։ Տարիքի հետ երեխաներից շատերի լ. ինքնաբերաբար անհետանում է։
ԼՈՒՍՆՈՏ – անձը, որը տառապոււմ է լուսնոտությամբ:
abisoghoyan.com-ի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար
պատասխանատվություն չի կրում