Archiv
Alle Beiträge vom Tag 2. April 2015
Մանկական գրքի միջազգային օր
Օրը նշվում է նաև Հայստանում: Մի քանի տարի շարունակ ապրիլի սկիզբը նշանավորվում է մանկապատանեկան գրքի շաբաթով:
Ամեն տարի որոշվում է տոնի թեման, հրավիրվում է հայտնի հեղինակ, որպեսզի մաղթանք գրի աշխարհի երեխաներին: Հրավիրվում է նաև նկարիչ, որպեսզի նկարազարդի մանկական գրքի միջազգային օրվա պաստառը:
Այդ օրը միջոցառման կազմակերպիչները քարոզում են մանկական գրականության կարևորագույն դերը նոր սերնդի հոգևոր ու մտավոր զարգացման գործում:
Չէ՞ որ գրքերի շնորհիվ մենք նորանոր աշխարհներ ենք բացահայտում, սովորում ենք խոսել ճիշտ և գրագետ, կարողանում ենք արտահայտել մեր մտքերն առանց կաշկանդվելու, և, ի վերջո, գիրք ընթերցելը պարզապես հաճույք է:
Գրքում են ապրում ամենագունավոր մտքերն ու ամենահեքիաթային պատկերները, այն մեր մտերիմ ընկերն է, որը երբեք ոչինչ չի պահանջում, մինչդեռ տալիս է ամեն ինչ և օգնում գտնել մեզ հետաքրքրող շատ հարցեր պատասխանները:
http://www.dasaran.am/apps/wiki/view/id/6758
abisoghoyan.com-ի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար
պատասխանատվություն չի կրում
Զատիկ
Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կոչվում է Զատիկ: Զատկին հունարեն «փասկա» են ասում, որը նշանակում է գաղթ: Վարդապետներն այս բառի «փ» տառը փոխարինել են «պ»-ով, «կ»-ն՝ «ք»-ով և «պասքա» վերանվանել:
«Զատիկ» նշանակում է անցում չարչարանքներից: Նկատի ունի Իսրայելի որդիների չարչարանքները փարավոնից, հորթին երկրպագելուց (տե՜ս Ելք ԼԲ 19-20), փորձության ջրից (տե՜ս Ելք ԺԷ 6-7), օձերի խայթոցներից (տե՜ս Թվեր ԻԱ 6), Կորխի ապստամբությունից (տե՜ս Թվեր ԺԶ 33-35), ևզանազան պատերազմներից: Չարչարանք էր նաև Գաղգաղայում թլփատվելը (տե՜ս Հեսու Ե 2) և մանանայի պակասելը (տե՜ս Հեսու Ե 12), քանզի այնուհետև նրանք պետք է իրենց ճակատի քրտինքով հացը վաստակեին: Այդ պատճառով էլ հրեաները Զատկի տոնակատարության ժամանակ յոթ օր դառնահամ բույսեր և բաղարջ՝ չարչարանացհաց են ուտում՝ որպես հիշատակ իրենց կրած չարչարանքների (տե՜ս Բ Օրենք ԺԶ 3):
Զատիկ նաև անցարան է նշանակում, որպես հիշատակ հրեաների՝ Եգիպտոսից դուրս գալու և Կարմիր ծովով անցնելու: Սա խորհրդանշում է անցումը չարից դեպի բարին, պակասությունից դեպի լիություն, անպիտանությունից և չար գործերից՝ դեպի պիտանություն ու առաքինի վարք:
Զատիկ նշանակում է նաև զատվել, հեռանալ զազիր, անմաքուր ու դժնդակ խորհուրդներից և դառնալ բարու գործակից:
Զատիկները չորսն են, և բոլորն էլ Աստված է սահմանել: Առաջինը կոչվում է Արարչական զատիկ, երկրորդը՝ Օրինադրական, երրորդը՝ Փրկական, իսկ չորրորդը՝ Նորոգման:
Արարչական զատիկն այն է, որ Աստված գարնանային գիշերահավասարից երկու օր անց՝ ուրբաթ օրը, արարեց Ադամին և նրան, որպես եռակի պարգև, տվեց զատկական հանդերձները. քահանայությունը, մարգարեությունը և թագավորությունը: Եվ որպեսզի զատկական ուրախությունը կատարյալ լինի, տվեց նաև երկինքը՝ իր լուսատուներով, Դրախտը՝ իմանալի տնկիներով, օդը՝ քաղցրանվագ թռչուններով, երկիրը՝ զանազան կենդանիներով, և ծովի ջրերը՝ իրենց բնակիչներով:
Աստված այդ մշտնջենավոր Զատիկը տվեց Ադամին, որպեսզի նրա ուրախությունը վախճան չունենա, ինչպես հրեշտակներիուրախությունն է անվախճան: Սակայն Ադամն այն իսկույն կորցրեց, այդ պատճառով էլ Աստված չուրախացավ առաջին Զատկով:
Երկրորդը Օրինադրական զատիկն է: Սա եղավ այն ժամանակ, երբ Աստված Իսրայելի որդիներին, Մովսեսի առաջնորդությամբ, մարմնավոր ու ժամանակավոր գերությունից ազատեց և առաջնորդեց դեպի Ավետյաց երկիր:
Օրինադրական զատիկն ուներ Արարչական զատկի չորս առանձնահատկությունները, քանի որ կատարվեց գիշերահավասարից հետո, երբ արեգակը գտնվում էր Խոյի համաստեղությունում, նիսան ամսին, լիալուսնի օրը: Այս զատկով Աստված Իսրայելի որդիներին ազատեց չորս արհավիրքներից. նախ՝ փարավոնի գերությունից, երկրորդ՝ ծովից, քանզի նրանք չխորտակվեցին ծովում, իսկ փարավոնը իր զորքերով խորտակվեց, երրորդ՝ անապատի ահագնությունից, ուր օձերն ու կարիճները խայթում ու կծոտում էին նրանց, և չորրորդ՝ յոթ հզոր ազգերից, որոնց հրեաները հաղթեցին և տիրացան նրանց ժառանգությանը:
Եգիպտական գերությունից Իսրայելի մարմնավոր ազատությունը խորհրդանշում է ամբողջ մարդկության հոգևոր ազատությունը, ինչը կատարվեց Քրիստոսով՝ Փրկական զատկին: Այստեղ Մովսեսը խորհրդանշում է Քրիստոսին, նրա գավազանը՝ Քրիստոսի խաչը, Կարմիր ծովը՝ դժոխքը, ծովի ճեղքվելը՝ դժոխքի ավերվելը, ծովից Իսրայելի որդիների դուրս ելնելը՝ մարդկանց հոգիների դժոխքից դուրս ելնելը, փարավոնի՝ ծովում ընկղմվելը՝ սատանայի կործանումը, իսկ Իսրայելի որդիների գնալը դեպի Քորեբ լեռը՝ հոգիների երկինք բարձրանալը:
Երրորդը մեր Փրկչի Փրկական զատիկն է, երբ Տերը կամովին մատնեց Իր Անձը չարչարանքների, բևեռվեց խաչին և Իր մահվամբ ու հրաշափառ հարությամբ ազատեց մեզ: Փրկական զատիկը ևս ունի Արարչական զատկի չորս առանձնահատկությունները, քանի որ Տիրոջ չարչարանքները եղան գիշերահավասարից հետո, երբ արեգակը գտնվում էր Խոյի համաստեղությունում, ամիսը նիսան էր, և լուսինը հասել էր իր լրմանը:
Այս զատկով Քրիստոս Ադամի որդիներին ազատեց չորս արհավիրքներից. նախ Իր մահվամբ ու հրաշափառ հարությամբ՝մեղքերի մահից, ինչը թագավորել էր մեր բնության վրա Ադամից մինչև Մովսես (տե՜ս Հռոմ. Ե 14): Երկրորդ՝ հոգիներին ազատեց դժոխքից ու սատանայի իշխանությունից, իսկ արժանավորներին բարձրացրեց դեպի արքայության լույսը: Երրորդ՝ մեզ ազատեց Օրենքի անեծքից և տվեց Շնորհի օրենքը: Չորրորդ՝ ազատեց անգիտության խավարից ու անհուսությունից և տվեց աստվածպաշտության լույսը:
Քանի որ Քրիստոսի Վերջին ընթրիքը, մատնությունը, խաչելությունը, թաղումը և հարությունը տեղի ունեցան հրեական, այսինքն՝ Օրինադրական զատկի տոնին, այդ պատճառով էլ Քրիստոնեական, այսինքն՝ Փրկական զատիկը փոխարինեց նախորդին:
Չորրորդը Նորոգության զատիկն է, որը լինելու է աշխարհի վախճանին: Նորոգության զատկին, ըստ առաքյալի խոսքի, Տերը նորոգելու է մեր խոնարհ մարմինը, որպեսզի այն կերպարանակից լինի Իր փառավոր Մարմնին (տե՜ս Փիլիպ. Գ 21): Ապա մեր հոգին ազատվելու է տգիտությունից ու ատելությունից և անխզելիորեն կապվելու է Իր սիրույն. ինչպես մարմնի անդամներն են սիրով միացած մարմնին, այդպես էլ մենք սիրով միանալու ենք Քրիստոսին: Ազատելու է մեզ մարմնի բազմաթիվ կրքերից և հանգչեցնելու է անհոգս հանգստում՝ ըստ այս խոսքի. «Եկե՜ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթ. ԺԱ 28): Ազատելու է տրտմությունից և ուրախացնելու է երկնային փառքում՝ ըստ այս խոսքի. «Ձեր ուրախությունը ոչ ոք ձեզնից չպիտի խլի» (Հովհ. ԺԶ 23): Մեր մարմնին տալու է ազատություն ու զորություն՝ ազատելով թանձր ծանրությունից և դարձնելով նուրբ ու թեթև: Ազատելու է խավար մարմնից և տալու է լուսավոր մարմին: Ազատելու է ապականությունից և տալու է անապակ մարմին, ինչպես ասում է առաքյալը. «Այսպես է նաև մեռելների հարությունը. սերմանվում է ապականությամբ և հարություն է առնում առանց ապականության. սերմանվում է անարգությամբ և հարություն է առնում փառքով. սերմանվում է տկարությամբ և հարություն է առնում զորությամբ. սերմանվում է շնչավոր մարմին և հարություն է առնում հոգևոր մարմին» (Ա Կորնթ. ԺԵ 42-44):
Հարց. -Բոլոր զատիկներում երևաց ազատությունը, քանզի Զատիկն ազատություն է և ուրախություն, իսկ Արարչական զատկում, ո՞րն է ազատությունը:
Պատասխան. -Արարչությունից առաջ բոլոր արարածներն անգոյության և անէության մեջ էին, որով նմանվում էին կալանվածների: Իսկ արարչությամբ՝ արարածները ոչ էից եկան դեպի էություն, անգոյությունից՝ դեպի գոյություն, ինչն էլ նրանց համար ազատություն համարվեց: Այդ պատճառով Տերը Զատիկ արեց և տվեց կյանքի վայելչությունը, քանզի անգոյությունից ազատվեցին և էացան:
Չորս զատիկներից առաջին երկուսն արդեն գտել են իրենց վախճանը, երրորդը գնում է դեպի վախճան, իսկ չորրորդը սկիզբ է առնելու ապագայում և հավիտյան անվախճան է լինելու, քանզի լինելու է անեզր ազատություն, անվախճան կյանք և հավիտենական խնդություն:
Հարություն
Հարության խորհուրդը մեծապատիվ է ու հրաշալի, քանզի գլուխն է բոլոր տնօրինական խորհուրդների:
Անժամանակ Որդին, փառքերի Լույսը և Հոր Էության նկարագիրը, անճառելի ու անհասանելի Բանն Աստված, Ով Իր անսկիզբ Էությամբ ի սկզբանե Հոր մոտ էր և Համագո է Սուրբ Հոգուն, կամեցավ գտնել կորսվածներին, ժողովել ցրվածներին, դարձի բերել մոլորյալներին, կանգնեցնել գլորվածներին և օտարացածներին վերընծայել Փառքերի Հորը: Այդ պատճառով Քաջ Հովիվն Իր մոլորված ոչխարների համար Իր անձը տվեց:
Եվ այսօր Քրիստոս հարություն առնելով մեռելներից՝ Իր հետ հարություն տվեց նաև մեր մեղքերի ու մահվան մեջ ընկած բնությանը: Այսօր երկիրը երկինք դարձավ: Ներքին աշխարհի բնակիչները դարձան երգակից վերին հոգեղեններին: Այսօր վերին հրաբուն զորքերն ավետիս են տալիս երկրավորներին, որ Հիսուսի հարությամբ լուծարվեց մահկանացուների մահը: Այսօր Հարսին՝ Եկեղեցուն, որ նստել էր սգի մեջ, լուսեղենների լուսազգեստ հույլերը ավետիս են տալիս, որ նրա Փեսան հարություն է առել և գալիս է Եկեղեցուն Իր փառքին պսակելու:
Այսօր զվարթունների դասերը խնդությամբ երևում են տրտմազգեստներին՝ առաքելով նրանց քարոզելու աշխարհին, որ հարություն առավ միշտ Կենդանի Եղողը, ըստ Իր անսուտ խոսքի:
Սա օր է Նոր Արարչության, որը ոչնչով չի զիջում այն օրվան, երբ երկիրը արարչագործվեց: Եթե այն օրն աշխարհը ոչնչից ստեղծվեց, ապա այսօր մեղքերով եղծվածը վերստին արարվեց՝ առավել հրաշափառ քան նախորդ անգամ: Քանզի այս հրաշալի օրը իրենում ունի պատկերն այն Մեծ Միաշաբաթի, երբ Տերը երկինքն ու երկիրը հաստատեց: Այն աշխարհաստեղծ միաշաբաթին հալածվեց զգալի խավարը և ծագեց մեծապայծառ լույսը, իսկ այս միաշաբաթին հալածվեց անգիտության աղջամուղջը, որ ծավալվել էր երկրի վրա, և ամենուր սփռվեց ճշմարիտ աստվածգիտության լույսը: Քանզի Ճշմարիտ լույսը ծագեց խավար գերեզմանում և լուսավորեց խավարում նստածներիս:
Եթե ուրբաթ օրը միջօրեն նսեմացավ և զգալի խավարն ամենուր սփռվեց, ապա այսօր՝ գիշերամիջին, Արդարության Արեգակը գերեզմանից ծագելով՝ անգիտության խավարը հալածեց և աստվածգիտության ճառագայթներն ամենուր ծավալեց:
Անցյալ օրը Հարսը, տխրելով իր Փեսայի մահվան պատճառով, նստել էր անմխիթար, և նրան սգակից էին բոլոր արարածները. լուսատուները՝ խավարումով, երկիրը՝ շարժվելով, վեմերը՝ պատռվելով, վարագույրը՝ կիսվելով, օդը՝ խավարելով: Իսկ այսօր Հարսը զարդարված պայծառ վայելչությամբ՝ զվարճալի դեմքով դիմավորում է գերեզմանից ելնող Փեսային, Նրա հետ ուրախությամբ նստելով հարսանեկան առագաստում՝ օրիորդներով հանդերձ, ինչպես հարսնության օրը (տե՜ս Երգ Ա 1-3): Եվ բոլոր նրանք, ովքեր կցորդ եղան տխրությանը, այսօր հաղորդվում են ուրախությանն ու ցնծում: Քանզի այժմ երկինքն ավելի պայծառ է, արեգակը՝ ավելի բարձր, օդը՝ ավելի մաքուր, հրեշտակներն ու կանայք՝ ավետաբեր, գերեզմանները բացված են, մեռելները՝ հարություն առած, իսկ առաքյալները՝ լցված հանդիպման անասանելի խնդությամբ, և գրեթե բոլորը՝ երկրավորներն ու երկնավորները, բանականներն ու անբանները, իմանալիներն ու զգալիները, զվարճանում են և ուրախության տոն են տոնում, ինչին և մենք ենք հանդիսակից՝ վայելելով անճառելի շնորհները: Եվ փառքերի Տերը՝ անժամանակն Աստված, մահը ոտնատակ տալով, դժոխքն ավերելով և նախաստեղծներին էլ ավելի հրաշափառ լույսերով զարդարելով՝ կատարեց աշխարհակեցուցիչ տնօրինության խորհուրդը, ինչի համար առաքվել էր Հոր ծոցից:
Եվ միաշաբաթի մոտենալով սկիզբ է առնում հրաշալի ու աշխարհակեցուցիչ հարությունը, ինչպես վկայակոչում է մարգարեն. «Երկու օր հետո Նա կկենդանացնի մեզ, և երրորդ օրը կելնենք կկանգնենք Նրա առաջ» (Օվսե Զ 3): Եվ ասում է երջանիկ առաքյալը. «Գիտենք, թե Քրիստոս մեռելներից հարություն առած լինելով՝ այսուհետև չի մեռնի, և մահը Նրան այլևս չի տիրի» (Հռոմ. Զ 9), քանի որ Նրա հոգին դժոխքում չթողնվեց և ոչ էլ Մարմինն ապականություն տեսավ: Եվ ինչպես շիկացած երկաթը չի ժանգոտվում և հրով բորբոքված մորենու մեջ միջատներ չեն կարող բնակվել, այդպես էլ աստվածային ճառագայթներով և անհասանելի Աստվածության հրով հրացած Տիրոջ Մարմնում ու Հոգում ո՜չ մեղքը, ո՜չ մահը և ո՜չ էլ դժոխքը չկարողացան բնակություն հաստատել:
Այսօր Տերն Ինքն Իրեն աստվածաբար հարություն տվեց՝ ըստ այս խոսքի. «Քանդեցե՜ք այդ տաճարը, և երեք օրվա ընթացքում այն կվերականգնեմ» (Հովհ. Բ 19): Եվ մարգարեն է ասում. «Այժմ ելնելու եմ Ես, այժմ փառավորվելու եմ, այժմ բարձրանալու եմ» (Եսայի ԼԳ 10): Իսկ Դավիթն ասում է. «Թող ելնի Աստված, Նրա բոլոր թշնամիները թող ցրվեն, ու Նրան ատողները փախչեն Իր առջևից» (Սաղմ. ԿԷ 2): Ապա շարունակում է. «Ելի՜ր, Տե՜ր իմ Աստված, թող բարձրանա Քո ձեռքը, և մի՜ մոռացիր տնանկներին» (Սաղմ. Թ 12բ):
Տերը դուրս եկավ մատանիով կնքված սուրբ գերեզմանից՝ առանց խախտելու գերեզմանի կնիքը: Քանզի ինչպես Տերը ծնվեց սուրբ Կույսից, առանց խախտելու նրա կուսությունը, այդպես էլ երրորդ օրը փառքով ու անապական մարմնով հարություն առավ կույս գերեզմանից՝ սպանելով մահն ու խափանելով ապականությունը՝ ըստ գրվածքների. «Ո՞ւր է, մա՜հ, քո հաղթությունը, ո՞ւր է, դժո՜խք, քո խայթոցը» (Ա Կորնթ. ԺԵ 55): Եվ Քրիստոս մահանալով ու հարություն առնելով՝ դարձավ ննջեցյալների առաջին Պտուղը:
Հանդիպում Հարուցյալ Տիրոջ հետ
Աշակերտները գնում են Գալիլիա, դեպի այն լեռը, ուր Հիսուս իրենց հետ ժամադրվել էր: Գալիլիա ասելով պետք է հասկանալ ոչ թե այն գավառը, որը հեռու էր Երուսաղեմից երկու-երեք օրվա ճանապարհով, այլ՝ Ձիթենյաց լեռան վրա գտնվող այն վայրը, որտեղից Տերը երկինք համբարձվեց: Իսկ «ժամադրվել» ասելով այն է հայտնում, ինչ հինգշաբթի երեկոյան Տերն ասաց աշակերտներին. «Բայց Իմ հարությունից հետո ձեզնից առաջ Գալիլիա պիտի գնամ» (Մարկ. ԺԴ 28): Այդ մասին նաև հրեշտակները յուղաբերների միջոցով հայտնեցին առաքյալներին, որպեսզի այնտեղ գնան և տեսնեն Տիրոջը: Աշակերտների հանդիպումը Տիրոջ հետ եղավ նույն կիրակի օրը՝ երեկոյան, երբ Տերը հարություն առավ:
Նույն օրը աշակերտներից երկուսը գնացին մի գյուղ, որի անունն Էմմավուս էր (տե՜ս Ղուկ. ԻԴ 13), և ճանապարհին նրանց հանդիպեց Հիսուս ու շատ բան պատմեց նրանց Իր
չարչարանքների մասին: Եվ երբ սեղան նստեցին, Տերը վերցրեց հացը, օրհնեց, բեկանեց և տվեց նրանց, և նրանք կարծես քնից արթնանալով՝ ճանաչեցին Նրան, իսկ Նա աներևութացավ: Եվ նրանք անմիջապես վերադարձան Երուսաղեմ և տասնմեկ աշակերտներին գտան «Գալիլիայում»: Նրանք եկան պատմելու տասնմեկին, որ Տերը հարություն է առել, և իրենք տեսել են Նրան, և Նա շատ բաներ է խոսել իրենց հետ, և հացը բեկանելու ժամանակ ճանաչել են Տիրոջը: Իսկ աշակերտները հաստատեցին, որ Տերը ճշմարտապես հարություն է առել և երևացել Պետրոսին:
Հարց. -Իսկ երբ և որտե՞ղ է Տերը երևաց Պետրոսին:
Պատասխան. -Երբ Պետրոսն ու Հովհաննեսը վերադառնում էին գերեզմանից: Ինչպես գերեզման գնալիս Հովհաննեսն առաջ էր անցնել Պետրոսից, այդպես էլ վերադարձի ճանապարհին եղավ: Եվ Տերը ճանապարհին երևալով Պետրոսին, սիրով ողջույն տվեց նրան, որպեսզի վերացնի այն տրտմությունը, որը նրան պատել էր ուրացության պատճառով:
Քրիստոսի Հարության մասին
Մարմնավոր հարությունը երկու կերպ է լինում՝ անկատար և կատարյալ: Անկատար է, երբ հարությունից հետո դարձյալ մահանում են, ինչպես այն վեց հոգին, ովքեր հարություն առան մինչև Քրիստոսի հարությունը: Եղիան մի հոգու հարություն տվեց, Եղիսեեն երկու հոգու, և երեք հոգու էլ Քրիստոս հարություն տվեց, բայց դրանք բոլորն էլ մահացան:
Իսկ եթե մեկը մի անգամ հարություն առնի և այլևս չմահանա, ապա դա կատարյալ հարություն է: Այդպիսին է Քրիստոսի հարությունը, և այդպիսին է լինելու համընդհանուր հարությունը: Հարությունն այն է, երբ մեկը մահանում է մարմնով և ապա վերստին անմահություն է ստանում հավիտենական կյանքում:
Քրիստոսի հարությունը հաստատվում է վկայություններով: Նախ մարգարեներն են վկայում. «Երկրի վրա վերջ տվին Նրա կյանքին. Տերը կամենում է մաքրել Նրան վերքերից, ցույց տալ Նրան լույս» (Եսայի ԾԳ 9-11), սա հարության մասին է ասում: Նաև Դավիթն է ասում. «Մարմինն Իմ կհանգստանա հույսով. քանզի դժոխքում չես թողնի Դու Ինձ, և Քո Սրբին ապականություն տեսնել չես տա» (Սաղմ. ԺԵ 9-10):
Երկրորդ՝ օրինակներով է հաստատվում. ինչպես Հովնանը կետի փորում երեք օր ու գիշեր մնաց և դուրս եկավ, այդպես էլ Քրիստոս մեռավ և երեք օր հետո հարություն առավ: Դարձյալ՝ Մովսեսը տեսավ, որ մորենին այրվում է և չի սպառվում, և դա խորհրդանշում է Քրիստոսի Մարմինը, որը մեռած էր գերեզմանում, սակայն կենդանի էր, ինչը ցույց տվեցին Նրա կողից բխած երկու վտակները՝ ջուրը և արյունը:
Երրորդ՝ Տերն Ինքը վկայեց Իր մասին ասելով. «Պետք է, որ Ինքը Երուսաղեմ գնա, բազում չարչարանքներ կրի և անարգվի քահանայապետերից, օրենսգետներից, ժողովրդի ծերերից, սպանվի և երրորդ օրը հարություն առնի» (Մատթ. ԺԶ 21):
Չորրորդ՝ հաստատվում է հրեշտակների խոսքերով, երբ նրանք յուղաբեր կանանց ասացին. «Դուք Հիսուսին ե՞ք փնտրում՝ խաչված Նազովրեցուն. Նա հարություն առավ, այստեղ չէ» (Մարկ. ԺԶ 6):
Հինգերորդ՝ հաստատվում է կանանց վկայությամբ, ովքեր միաբան հարության լուրը տվեցին առաքյալներին:
Վեցերորդ՝ հաստատվում է գերեզմանը պահպանող զինվորների վկայությամբ: Քահանաները զինվորներին արծաթ տալով՝ իրենք էլ հաստատեցին հարությունը:
Յոթերորդ՝ հաստատվում է այն սուրբ մեռելների կողմից, ովքեր Քրիստոսի հետ հարություն առան գերեզմաններից և մտան սուրբ քաղաքը (տե՜ս Մատթ. ԻԷ 52-53):
Ութերորդ՝ հաստատվում է կնքված գերեզմանով և պատանքներով:
Իններորդ՝ հաստատվում է ականատեսների վկայությամբ, ովքեր տեսան հարուցյալ Քրիստոսին մարմնավոր աչքերով:
Տերը հարության օրը հինգ անգամ երևաց յուրայիններին: Նախ երևաց կանանց, երբ նրանք վերադառնում էին գերեզմանից: Երկրորդ՝ Մարիամ Մագդաղենացուն: Տերը նախ կանանց երևաց, քանի որ մահաբեր գույժը կնոջ ձեռքով մտավ բնության մեջ, դրա համար էլ պետք էր, որ մարդկանց կյանքի փրկության ավետիսը նրանցով լիներ: Երրորդ՝ երևաց Պետրոսին, ինչպես Ղուկասն է պատմում: Եվ այս եղավ երկու պատճառով, մեկը՝ որպեսզի Պետրոսը չհուսահատվի ուրացության պատճառով, և երկրորդ՝ հայտնելու համար Աստվածային ողորմությունը մեղավորներին: Չորրորդ՝ երևաց երկու աշակերտներին, ովքեր գնում էին Էմմավուս, ինչպես պատմում է Ղուկասը (տե՜ս Ղուկ. ԻԴ 13): Հինգերորդ՝ նույն երեկոյան փակ դռներով անցնելով՝ երևաց բոլոր աշակերտներին, բացի Թովմասից, և դա կատարվեց կամ «Գալիլիայում»՝ իրենց հավաքատեղիում, կամ Վերնատանը:
Տասներորդ՝ հաստատում է հենց Ինքը՝ Քրիստոս, քանի որ հարությունից հետո Նա կերավ ու խմեց աշակերտների հետ, խոսեց նրանց հետ, առաքեց նրանց մկրտելու, օրհնեց նրանց ու նրանց առջև երկինք համբարձվեց:
Հարց. -Ո՞ր ժամին հարություն առավ Քրիստոս:
Պատասխան. -Քրիստոս հարություն առավ կիրակի օրը գիշերամիջին, որը հաստատվում է բազում վկայություններով: Նախ Մատթեոսն է ասում. «Շաբաթ օրվա երեկոյան, երբ կիրակին լուսանում էր» (տե՜ս Մատթ. ԻԸ 1), այսինքն՝ գիշերվա սկզբի ու վախճանի միջնամասում:
Երկրորդ՝ Դավիթը Տիրոջ անունից ասում է. «Կեսգիշերին ելնում էի գոհություն մատուցելու քեզ» (Սաղմ. ՃԺԸ 62):
Երրորդ՝ Տերը գիշերամիջին ծնվեց կուսական արգանդից և նույն ժամին էլ հարություն առավ կույս գերեզմանից:
Չորրորդ՝ Տերը գիշերամիջին ձերբակալվեց ու կապվեց և նույն ժամին էլ արձակվեց մահվան կապանքներից ու հարություն առավ:
Հինգերորդ՝ Քրիստոսի հարությունը պատճառն է մեր հարության: Արդ՝ մեր հարությունը վերջին կիրակի օրն է լինելու՝ գիշերամիջին՝ ըստ այս խոսքի. «Եվ կեսգիշերին ձայն լսվեց՝ ահա՜ Փեսան գալիս է, նրան դիմավորելո՜ւ ելեք» (Մատթ. ԻԵ 6): Հետևաբար՝ Քրիստոսի հարությունն եղավ գիշերամիջին, կիրակի օրը: Այդ պատճառով էլ Ավագ շաբաթ օրը՝ երեկոյան՝ գիշերին մոտ, Զատկի ճրագալույցն ենք անում և պատարագ մատուցում:
Վեցերորդ՝ գիշերամիջին հրեշտակը հարվածեց Եգիպտոսին, և գիշերամիջին Մովսեսը Իսրայելի որդիներին հանեց Եգիպտոսից, որն օրինակն է դժոխքի ավերման և հոգիների ազատության: Նույնպես և Քրիստոս գիշերամիջին հարվածեց ու կապեց սատանային, և այն ժամին, երբ Մովսեսը Եգիպտոսից հանեց ժողովրդին, նույն ժամին Քրիստոս հարություն առավ մեռելներից, ազատեց հոգիներին չարության հրահլոց դժոխքից և իմանալի փարավոնի բռնությունից:
Քրիստոսի հարությունից հետո օրվա սկիզբը համարվեց կեսգիշերը, քանի որ հարությունից հետո խավարից դեպի լույս ենք գնում:
Հարց. -Քանի՞ ժամ մեռած մնաց Քրիստոս:
Պատասխան. -Վարդապետներն ասում են, որ Տերը երեսուներեք ու կես ժամ մնաց դժոխքում: Քանի որ ուրբաթ օրն իններորդ ժամին մեռավ և հոգով իջավ դժոխք, իսկ երեկոյան՝ արևամուտին, Մարմինն իջավ գերեզման: Արդ՝ շաբաթ գիշերը ցերեկվա հետ լինում է քսանչորս ժամ, վեց ժամ էլ կիրակի օրը՝ մինչև գիշերվա կեսը, ստացվում է երեսուն ժամ, և երեք ու կես ժամ էլ ուրբաթ օրը՝ ստացվում է երեսուներեք ու կես: Այսինքն՝ երեսուներեք ու կես տարի Տերը Մարմնով քարոզեց մարմնավորներին և նույնքան ժամ էլ հոգով քարոզեց հոգիներին:
Իսկ Մարմինը երեսուն ժամ մնաց գերեզմանում: Քանի որ ինչպես երեսուն տարեկանում մկրտվեց և դուրս ելավ ջրից, նույնպես և Մարմինը՝ թաղումից երեսուն ժամ հետո հարություն առավ և դուրս ելավ գերեզմանից: Եվ ինչպես Ադամը երեսուն տարեկան ստեղծվեց, այդպես էլ մենք համընդհանուր հարության ժամանակ երեսնամյա ենք հարություն առնելու:
Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյանի
http://ter-hambardzum.net/archives/8485
պատասխանատվություն չի կրում